Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. դատախազությունը հաստատում է. «Փաստինֆո»
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով, այն է՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել։
Խաչատրյանի փոխանցմամբ՝ Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա, նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: