Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու ժամանակն է․ Վիկտոր Բարանեց
Պահեստազորի գնդապետ, «Комсомольская правда» թերթի ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցն արձագանքել է Հայաստանի քաղաքական վերնախավի հակառուսական դիրքորոշումանն ու Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի` Weekblad Elseveir պարբերականին տված հարցազրույցին: դեսպանը դրական է գնահատել Արևմուտքի կողմից Նավալնու հարցով պատժամիջոցների սահմանումը։
Ռուսական thisnews.ru պարբերականն այս դեպքից հետո «Ահա եւ դաշնակիցները․ Հայաստանը ողջունում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները» վերնագրով մի վրդովված նյութ է տպագրում։ «Ռուսաստանը, փրկելով Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տոտալ ջախջախումից, չէր սպասում, որ երեկվա դաշնակիցն այդքան արագ ու այդքան բացեիբաց կդիրքավորվի հակառուսական դաշտում։ Բարեկամության եւ բարիդրացիական հարաբերությունների բոլոր վստահեցումները վայրկենապես հօդս ցնդեցին՝ ցույց տալով երևանյան իսթեբլիշմենթի իրական դեմքը՝ իր դաշնակցային պարտավորությունների մասով»,- գրել է հոդվածագիրը։
Ռուսական փորձագիտական շրջանակներն արդեն սկսել են խոսել ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու անհրաժեշտության մասին։ Այս վրդովմունքի ալիքին միացել է նաև ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը, ով նկատել է, որ Հայաստանի հակառուսական հայտարարությունները կարող են նրան զրկել Ռուսաստանի աջակցությունից։
Վիկտոր Բարանեցը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանը բացեիբաց հրաժարվեց ռուսական սպառազինությունից ու դա այն դեպքում, երբ հանդիսանում է Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն ու ՀԱՊԿ անդամ։
«Դաշնակից է կոչվում, ում թիկունքը մենք ենք պահում»,-ասել է Բարանեցը «Комсомольская правда»-ի ռադիոյի եթերում։
Բարանեցի խոսքով, Հայաստանի նման պահվածքը ցույց է տալիս այդ երկրի «հուսալիությունը», որպես դաշնակից։ Ըստ նրա, Մոսկվան պարտավոր է նման իրավիճակում հետևություններ անել, և պետք է հրաժարավի դաշնակցի պարտավորություններից.
«Ընդհուպ մինչև ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելը»,-հայտարարել է ռուս պահեստազորի գնդապետը: