Ռուս խաղաղապահները շարունակում են վերահսկել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանումը
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 27 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում իրավիճակի վերաբերյալ եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության և քաղաքացիների տեղաշարժման, սննդամթերքի ու այլ ապրանքների տեղափոխման անվտանգությունը:
2020 թվականի նոյեմբերի 14-ից ԼՂ բնակության նախկին վայրեր է վերադարձել 52 415 մարդ:
Ռուս խաղաղապահ ուժերի զորակազմի անձնակազմը պլանային կարգով մարտական պատրաստության եւ խախտումների կանխման վարժանքներ է անցկացնում:
Դիտակետի ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, բլոկ-մոդուլ ուտելիք պատրաստելու համար, ինչպես նաեւ տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ մշտական էլեկտրաէներգիայով:
Բոլոր դիտակետերը սարքավորել են ֆորտիֆիկացիոն կառույցներով, որոնք զինծառայողներին պաշտպանում են հրաձգային զենքից եւ բեկորներից:
2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարությամբ համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվել է կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի զորախումբ է տեղակայվել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության համար: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձն ու ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանումը: