Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը. Աբրահամյան
Խորը գիտակցումը չկա առ այն, որ Սյունիքի անվտանգությամբ ապահովում ենք ողջ Հայաստանի անվտանգությունը և հակառակը, Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Այս 30 տարիների ընթացքում մենք մեր մեջ իրար չկարողացանք համոզել, որ Արցախի սահմանին կանգնած զինվորականն ապահովում է Հայաստանի անվտանգությունը։ Միայն առաջին հայացքից է թվում, որ սա ցանկացած գիտակից մարդու համար պարզ մոտեցում է։ Սա զուտ արցախցի-հայաստանցի հարաբերությունների տրամաբանության խնդիր չէ, նույնն այսօր Սյունիքի դեպքում է։ Խորը գիտակցումը չկա առ այն, որ Սյունիքի անվտանգությամբ ապահովում ենք ողջ Հայաստանի անվտանգությունը և հակառակը, Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը։ Եթե այս ու մի քանի այլ պարզ ճշմարտություններ բոլորիս գիտակցության մեջ չդրոշմենք, ապա այս տարածաշրջանում ապրելու շանս չենք ունենա»,- գրել է Աբրահամյանը։