Բերման ենթարկելիս կոտրվել է ՀՅԴ-ական Ռազմիկ Արաբյանի ոտքը․ Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել. Փաստինֆո
Վարչապետի հրաժարականի պահանջով իրականացված ակցիայի ժամանակ բերման ենթարկվելու ընթացքում կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ Ռազմիկ Արաբյանին բերման ենթարկելիս ոստիկանների բռնի ուժի հետևանքով կոտրվել է նրա ոտքը։ Այժմ Ռազմիկ Արաբյանը 8-րդ հիվանդանոցում է։
Անդրադառնալով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի վնասվածքներին՝ Գեղամ Մանուկյանը նշեց, որ Իշխան Սաղաթելյանը հրաժարվել է դիմել բժշկի․ «Քթի վնասվածք է ստացել, արյուն է եկել»,-ասաց Մանուկյանը։
Հարցին՝ պատրաստվու՞մ են քաղաքացիների նկատմամաբ ոստիկանների կիրառած անհանաչափ ուժի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Դեռ քննարկում ենք, հայտնի չէ, բայց այսօրվա ոստիկանական բռնությունները չպետք է անպատասխան մնան»։
Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ ՀՅԴ-ական գործիչներ Իշխան Սաղաթելյանի և Ռազմիկ Արաբյանին վնասվածքներ պատճառելու դեպքի առնչությամբ ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն։