«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթթինգը Հայաստանում կմնա մինչև ամսվա վերջ
«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար Մարիան Քլարք-Հաթթինգը, ով իր մանդատի իրականացման գործում թերացել է և Հայաստանի պահանջով վաղաժամկետ դադարեցրել իր առաքելությունը, դեռ Հայաստանում է։ Հաթինգը՝ լիազորությունները դադարեցնելուց հետո էլ չի լքել երկիրը, ավելին՝ շարունակելու է պարտականությունները կատարել, մինչև պաշտոնի համար նոր՝ ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածությունը կհաստատվի։
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հաթինգը Հայաստանը կլքի միայն մարտի վերջին։
«Կառավարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնեցրել են դադարեցնել նրա գործունեությունը Հայաստանում։ Մինչև ամսվա ավարտը ինքը լքելու է երկիրն ու գործուղվելու է այլ տեղ»,- ասաց Սարգսյանն ու կրկին չնշեց պատճառների մասին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ից էլ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին Հայաստան գործուղելու համար արդեն դիմել են ԱԳՆ-ին, սպասում են գերատեսչության հաստատմանը, որից հետո էլ պաշտոնակատարը կստանձնի պարտականությունները։ Իսկ այդ ընթացքում Մարիան Քլարք-Հաթթինգն է շարունակելու զբաղվել գրասենյակի ղեկավարմամբ։
«Դեռ ինքն է լինելու, մինչ իր մեկնելը։ Եթե ԱԳՆ-ն հաստատի՝ նոր ժամանակավոր պաշտոնակատարը կգա։ Սպասում ենք եկող երկու շաբաթների ընթացքում ԱԳՆ-ի հաստատմանը, որպեսզի համապատասխան անձը գա»,- եզրափակեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություն էր հայտնվել առ այն, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթթինգին մեղադրում էին հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար։
Այսօր ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ ներկայացուցչի լիազորությունները դադարեցվել են։ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է ԱԳՆ խոսնակը։
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների գնահատմամբ՝ առաջին անգամ է հանդիպում դեպք, երբ դիվանագետի առաքելությունն ընդհատելու համար որպես փաստարկ է օգտագործվում աշխատաոճը, ինչը լուրջ փաստարկ չէ։ Դիվանագետն իր առաքելությունն իրականացնում է մանդատի շրջանակներում և Հայաստանի իշխանությունների հետ նրա առնչությունները պետք է լինեն կոնկրետ ծրագրերի շրջանակներում։ Ուստիեւ, կարծիքներ կան, որ պատճառները շատ ավելի խորն են, քան ԱԳՆ-ն պաշտոնապես ներկայացնում է։