Հայկ Մարությանը եւ Սասուն Միքայելյանը վերջին անգամ հանդիպել են փետրվարի 12-ին. քաղաքապետի խոսնակը պարզաբանում է
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ բացառապես բարեկամական հարաբերություններ են՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Իրավունք» թերթի հրապարակմանը, որտեղ նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից հետո քաղաքապետարան է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ պահանջել բացատրություն, թե ինչու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեմում չէր:
«Հայկ Մարությանը եւ Սասուն Միքայելյանը վերջին անգամ հանդիպել են այս տարվա փետրվարի 12-ին «Երկրապահի» վարչությունում, որտեղ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկվել են երկու կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ցավով ենք արձանագրում, որ «Իրավունք» թերթի տպած, որեւէ փաստական հիմք չունեցող էժան բամբասանքը որպես «մամուլի տեսություն» արտատպել են մի շարք հեղինակավոր լրատվական կայքեր: Խնդրում ենք այդ լրատվամիջոցներին՝ հանուն լրագրողական բարեխղճության եւ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, հրապարակել սույն հերքումը»:
