Տիրան Խաչատրյանը Սահմանադրության և օրենքների բազմաթիվ խախտումներով է ազատվել պաշտոնից. հայտարարություն
Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Նման հայտարարությամբ է հանդես եկել TK & Partners իրավաբանական ընկերությունը։
«Հայտնում ենք, որ TK & Partners իրավաբանական ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ - լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը: Իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում համոզվել ենք, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:
Վարչական դատարանն այսօր մեր հայցադիմումը վարույթ է ընդունել ու նախնական դատական նիստի օր նշանակել ապրիլի 29-ին ժամը 11-ին: Հայտնում ենք նաև, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն դատարանի կողմից հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (ՀՀ նախագահի հրամանագիրը) մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի»,- նշված է հայտարարությունում: