Օդանավը վերադարձնելու հարցում կան տեխնիկական խնդիրներ. ԱԱԾ տնօրենի տեղակալ
Օդանավի զավթման գործով կա հարուցված քրեական գործ, հիմա աշխատաքներ են տարվում, որ օդանավը վերադարձվի։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ անդրադառնալով Թեհրանում վայրէջք կատարած «Boeing»-ի հարցին:
Նա նշեց, որ կան տեխնիկական խնդիրներ, բայց Թեհրանի հետ կա համաձայնություն՝ օդանավը վերադարձնելու հարցի շուրջ։
Հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ հիմնական խնդիրը իշխանական պատգամավորների անվտանգությունը պահելն է, արդյո՞ք չկան ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ Սյունիքի անվտանգությունը, Տիգրան Հարությունյանը հարցով պատասխանեց, նշելով՝ իսկ ո՞վ ասաց, որ լուրջ խնդիրները չեն լուծվում։
«Սահմանապահ զորքերն իրենց խնդիրը կատարում են, այս պահին մեր առկա ռեսուրսների սահմաններում ամեն ինչ արվում է։ Մենք չունենք չլուծվող խնդիրներ այս պահին»,- նկատեց նա։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին ուղեկցող դիպուկահարներն այդքան ակնհայտ ցուցադրվում, Տիգրան Հարությունյանը պատասխանեց՝ ասելով, որ դա այլ խնդիր է։
Դիտարկմանը, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ահազանգել էր, թե ԱԱԾ-ի վրա քաղաքական հրահանգներ են իջեցվում, ԱԱԾ տնօրենի տեղակալը արձագանքեց.
«Չեմ հիշում, որ նա քաղաքական հրահանգներ իջեցնելու մասին է խոսել, չեմ կարող ասել»։