Հայաստանը կարող է ունենալ քաղաքական, հասարակական և ֆինանսական առումով խիստ ազդեցիկ բարձրաշխարհիկ թավրիզեցիներին, սակայն ո՞վ է այս մասին մտածում ընդհանրապես. Ոսկանյան
Բնիկ թավրիզեցիները ոչ միայն երբեք իրենց չեն նույնականացնում քաղաքի արվարձաններում հիմնականում 1970-ականներից հաստատված ղարադաղցիների հետ, այլ նաև որոշակի քամահրանքով են վերաբերում վերջիններիս՝ համարելով, որ նույնիսկ ատրպատականյան թյուրքերենի նրանց բարբառը կոպիտ է և ոչ սազական թավրիզեցուն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Նույն Թավրիզում համաթյուրքական ակտիվ քարոզը Բաքվի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող տարբեր խողովակներով իրականացվում է հենց արվարձանաբնակ՝ հիմնականում Ղարադաղի գյուղերից գաղթած ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող երիտասարդության շրջանում, իսկ բարձր սոցիալական դիրքեր և նաև պաշտոններ զբաղեցնող բնիկ թավրիզեցիները, որքան էլ պարադոքսալ թվա, չափազանց բարեհաճ վերաբերմունք ունեն Հայաստանի և հայերի հանդեպ՝ ներգրավված չլինելով պանթյուրքական գործընթացներում։
Ըստ այդմ, Հայաստանը մնացյալ Իրանի հետ կամրջող Ատրպատականի սիրտ Թավրիզում Ադրբեջանը՝ որպես համակիրներ, ունի արվարձանաբնակ ցածր խավերի մի հատվածին, իսկ Հայաստանը կարող է ունենալ քաղաքական, հասարակական և ֆինանսական առումով խիստ ազդեցիկ բարձրաշխարհիկ թավրիզեցիներին, սակայն ո՞վ է այս մասին մտածում ընդհանրապես»,-գրել է Ոսկանյանը։