Քաղաքացիների 50 տոկոսը «Լուսավոր Հայաստանի» պոտենցյալ ընտրողն են. ԼՀԿ-ական պատգամավոր
«Լուսավոր Հայաստանը» գնում է հաղթելու: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
««Լուսավոր Հայաստանը» թիմ է, «Լուսավոր Հայաստանը» գաղափար է, քարոզարշավն այդպիսին է լինելու: Այսօր մենք ունենք քաղաքացիների 30 տոկոս, ովքեր համակրում են Փաշինյանին, և դա աճելու տեղ չունի, դա միայն նվազելու միտում ունի: Պայմանականորեն ունենք մեկ այլ բևեռ՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, որն ունի, ենթադրենք, 10-15 տոկոս ձայն՝ տարբեր հաշվարկներով: Մնացած 50 տոկոս քաղաքացիները չեն ուզում ոչ վերադարձ նախկինին, ոչ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա»,- նշեց Գորգիսյանը:
Պատգամավորի խոսքով՝ այդ 50 տոկոսը պոտենցյալ «Լուսավոր Հայաստանի» ընտրողն են:
«Այդ 50 տոկոսի ձայները ստանալուն է հավակնում «Լուսավոր Հայաստանը»: Ինչ ընտրակարգով էլ լինի, «Լուսավոր Հայաստանը» գնում է հաղթելու»,- ասաց նա: