Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարաբերությունների վրա. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել «Аргументы и факты» թերթին: Ի թիվս այլ հարցերի՝ հնչել է նաև հարց, որը վերաբերել է Ղարաբաղյան հակամարտությանն ու Ռուսաստանի հարաբերություններին՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:
«Ղարաբաղում պատերազմից հետո, մտավախություն չկա՞, որ մենք ամբողջովին կկորցնենք Անդրկովկասի երկրներին՝ որպես ընկերների: Հայաստանում ներքին խառնաշփոթ է, Ադրբեջանն ավելի ու ավելի դեպի Թուրքիան է ձգտում»,- հնչել է հարցը:
Ի պատասխան՝ Պեսկովը նշել է. «Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարաբերությունների վրա: Դրանք կարող են ունենալ շատ ու շատ ասպեկտներ, որոնք փոխշահավետ են: Հայաստանի հետ նույնպես պատմական լավ հարաբերություններ ունենք: Կան մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք զգալի օգուտ են բերում Հայաստանին: Ինչպես քաղաքական, այդպես էլ տնտեսական:
Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ կատարվեց.... Հավանաբար, Պուտինի անձնական դերը պատերազմի դադարեցման հարցում բոլորը պետք է հիշեն»: