13 քաղցր հայտարարություն և 13 դառը ճշմարտություն. մաստեր կլաս՝ Ստախոսից
Այսօր Ապրիլի 1-ն է՝ Հումորի միջազգային օրը: Հայ ազգի գերակշիռ մասի մոտ, սակայն, վերջին կես տարում ո՛չ հումոր անելու, ո՛չ կատակելու ցանկություն չի մնացել:
Ուստի Ապրիլի 1-ն առնվազն այս տարի կարող ենք հանգիստ հայտարարել ստի ու կեղծիքի օր ու ձոնել այն Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսին: Իսկ երկրի թիվ մեկ Ստախոսը, կարծում ենք, որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ ով է:
Եվ այսպես: Ստախոսի հայտարարություններին անդրադառնանք կետ առ կետ.
«Արցախը Հայաստան է և վերջ»
2019 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի վարչապետն Արցախում էր: Արցախցիների բարձր ծափողջույնների ներքո այն ժամանակ դեռևս արցախցիների սիրելի Փաշինյանը գոչում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:
Ի՞նչ ունենք այսօր. ունենք վարչապետ, չունենք Ջաբրաիլը, չունենք Ֆիզուլին, չունենք Կուբաթլուն, չունենք Զանգիլանը, չունենք Հադրութը, չունենք մեկ ստորագրությամբ թուրքին նվիրված Քարվաճառը, Ակնան, Բերձորը, չունենք Շուշին, որի ընկնելու առեղծվածը դեռ երկար պետք է քննվի: Չունենք բնակավայրեր Մարտակերտից, Մարտունուց, Ասկերանից: Ստախոսի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից հետո Արցախից մնացածը որևէ կերպ Հայաստան չես անվանի: Այս ֆոնին հիշեցնենք Ստախոսի հայտարարությունները Շուշիի «դժբախտ» ու «դժգույն» լինելու, մեզ պետք լինել-չլինելու հետ կապված և նրա ամենակարևոր ու ամենատրագիկ հայտարարությունը՝ «Դուք ուզում եք ասել՝ Շուշին հայկական է իր այդ կարգավիճակո՞վ»:
«Լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի,
Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար»
Այս հայտարարության հեղինակը ևս գերագույն գերագույն Ստախոսն է: Այս հայտարարությունը հնչել է ոչ մեկ անգամ և ոչ միայն մինչև պատերազմը: Այս հայտարարությունն ամենավերջին ցինիկությամբ հայտարարվել է նույնիսկ սարսափելի պարտությունից հետո: Ընդունելի՞ է այն ամենը, ինչ տեղի ունեցավ: Հայկական երկու պետությունները միայն կորցրին. կորցրին կյանքեր, կորցրին գերեզմաններ, կորցրին իրենց հայրորդիների արյամբ ազատագրված հայրենիք, տնավեր եղան, փողոցում մնացին: Արդյունքում, գոնե Արցախից մնացած պատառիկի անկախությունը ճանաչելու վերաբերյալ հույսի նշույլ անգամ չմնաց: Սա մեծ սուտ էր՝ հայասպան սուտ:
...Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ..
«Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում». 17.08.2018: Հանրապետության հրապարակում այս հայտարարությունն արած Ստախոսը նոյեմբերի 9-ին ստորագրեց մի փաստաթուղթ, որի մասին ստորագրելուց հետո անգամ գուժեց ոչ թե ինքը, այլ նրա քաղաքական հակառակորդ Միքայել Մինասյանը:
«Խնդիր էր դրված մեր 25-30 հազար զինվորների կյանքը բառիս բուն իմաստով փրկել, նրանց շրջափակումից հանել»
Այս ստախոսությունը թերևս ամենացինիկներից է. համեմատության համար նշենք, որ Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմից կռվողները եղել են 20-25 հազար՝ ընդդեմ թշնամու՝ մի քանի անգամ գերազանցող զորքի: Ինչպե՞ս է, որ Արցախից մնացած պատառիկում 30 հազար զինվորը չէր կարող կռվել, բայց 20-25 հազարը կարող էին այն ժամանակ ազատագրել հսկայական տարածքներ ու կերտել Արցախ պետություն: Կասեք՝ ժամանակակից զենքե՞ր ունեին: Մեր տղաների համար մահաբեր դարձած ԱԹՍ-ներն Ադրբեջանը ձեռք է բերել այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանության գլուխ արդեն Ստախոսն էր: Ի՞նչն էր խանգարում նրան ևս գրագետ պաշտպանություն իրականացնելու համար զենքեր ձեռք բերել, ոչ թե, ասենք, «Սու-30»-ներ, որոնք որևէ վնաս չհասցրին թշնամուն:
«Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»
«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա». 25.09.2020: Ասել է, թե աղետաբեր պատերազմից երկու օր առաջ Հայաստանի գերագույն գլխավոր Ստախոսն անում է այսպիսի հայտարարություն: Հետոն՝ մեկնաբանելու կարիք չկա: Բայց առավել քան ակնհայտ է, որ Ադրբեջանի հասարակությունը, որի մասին, ի դեպ, նույն Ստախոսն ասում էր, որ պատերազմի հաղթանակի լուրը չի ստանալու, բայց ստացավ, այսօր առավել քան հպարտ ու հաղթանակած է: Իսկ ահա Հայաստանի ներքաղաքական վիճակը «հուսահատորեն ապակայունացել է»: Թե ինչու չի փորձում Փաշինյանը «հուսահատորեն ապակայունացնել» մի երկրի ժողովրդին, որի ղեկավարը բացահայտորեն ու լկտիաբար, հեռուստաէկրաններից ծաղրում է իրեն ու հայ ժողովրդին, թողնենք ուշիմ ընթերցողի տրամաբանությանը:
«Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ, ամեն տարվա հետ և ամեն դարի հետ»
Ինչպես ուժեղացավ Հայոց բանակը՝ տեսանք. ելակով ու ներքնաշորերով ուժեղացած բանակում, պարզվեց, նույնիսկ զրահաբաճկոն չկա ու էլի շատ բաներ չկան: Վկա՝ Ստախոսի հայտնի մարտակոչը վերջին տարում զորացրվածներին՝ գալ, բերել իրենց հետ հագուստ, սաղավարտ, զրահաբաճկոն... Բացի նյութական հարցերից, մենք տեսել ենք, թե ինչպես այս իշխանության կողմից հետևողականորեն վարկաբեկվեց գեներալիտետը, հրամանատարությունը, գլխատվեց ու հեղինակազրկվեց Հայոց բանակը: Պատերազմի օրերին էլ, չենք մոռանում, ինչպես էր իշխանական պրոպագանդայի թեթև ձեռքով «փախչող զորքի» ֆոնին հերոսացվում Ստախոսի որդին:
«Ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու մասին էր»
Ապրիլյանից անցել է 5 տարի. Ադրբեջանը չի մտել ԵՏՄ: Ապրիլյանը թուրքին դիմակայել ցանկանալու, թուրքին հետ շպրտելու, թուրքի առաջ Արցախի և Սյունիքի դարպասները փակ պահելու, Ադրբեջանի կողմից հրադադար մուրալու, Շուշիի հայկականության, Քարվաճառի հայկականության, Սյունիքի անվտանգության, Գեղարքունիքի անվտանգության և ընդդիմության՝ հետագայում հերքված բազմաթիվ ստերի մասին էր: Ապրիլյանն իսկական հերոսների մասին էր: Ապրիլյանի հերոսն Ադրբեջանը չէր:
Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է
Մարտի 1-ի գործի մասին հայտարարությունից 3 տարի անց ոչինչ բացահայտված չէ: Պարզ չէ, թե ում մեղքով և ամենակարևորը՝ ում ձեռքով քաղաքական հայացքների համար Երևանի կենտրոնում քաղաքացիներ սպանվեցին:
Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, 3 միլիոն նախարար
Հայաստանում կա մեկ վարչապետ, որը կամաց-կամաց վերածվում է բռնապետի: Հայաստանում քիչ մարդ է մնացել, որ իրեն լիարժեք մարդ, լիարժեք քաղաքացի է համարում: Հայաստանում բոլորը դարձել են կիսամարդիկ՝ այս ծանր կորուստների հոգեբանական ու ֆիզիկական բեռան տակ: Հետևաբար խաբում էր Գերագույն գլխավոր ստախոսը, երբ հայտարարում էր, թե Հայաստանում բոլորը վարչապետ են:
«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա»
Երբ կորոնավիրուսը նոր էր «եկել» Հայաստան, ու Ստախոսն էլ զբաղված էր պետական միջոցները հյուրանոցներին լավություն անել-բաշխելով, սկսեց մեծ մրցավազք նախկինների հետ, ինչպես սովորաբար է անում: Ստախոսն անմիջապես համեմատություններ սկսեց անել «H1N1»-ի, դրա հետևանքով գրանցված մահացությունների դեպքերի հետ:
«Այդ վիրուսից 2016-ին արձանագրվել է 30 մահ, իսկ 2009-ին լրիվ վիճակագրություն չի արձանագրվել, բայց մասնագետները նշում են, որ այդ վիրուսից Հայաստանում մահացել է շուրջ 50 քաղաքացի. «Այն ժամանակ այսպիսի աժիոտաժ չկան, պատճառն այն է, որ ինֆորմացիոն այսքան շատ չէր, սոցցանցերը ավելի պասիվ էին։ Գուցե համացանցի ազատության այն աստիճանը չկար, նաև խոսքի և մամուլի այնքան ազատություն չկար, որքան հիմա։ Այսօր մենք ավելի լավ վիճակում ենք գտնվում, ռիսկի գործի գոտում գտնվող ընդամենը 2 պացիենտ ունենք 67 և 70 տարեկան։ Նրանց ինքնազգացողությունը շատ լավ է»,- ասել էր Ստախոսը։
«Դռան շուն» կորոնավիրուսն առ այսօր խլել է 3533 քաղաքացու կյանք, ևս 900 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով:
Մեկնաբանությունները՝ ընթերցողին:
Թանկացումների դեմ բողոքի ակցիաներ, ինչպես բրդել կանաչ «ժիգուլի»-ն
Դեռևս «Ելք» դաշինքի կազմում, մինչև Հայաստանի վարչապետի պաշտոնը գրավելը, Էդմոն Մարուքյանի, Ալեն Սիմոնյանի, Արամ Սարգսյանի և այլ գործիքների հետ Ստախոսը կանաչ «ժիգուլի» էր հրում՝ ի բողոք թանկացումների: Պաստառներ էին պահում՝ «Ամեն ինչ թանկացավ, բացի ձեզնից»: Այն ժամանակ թանկացումներ եղան իհարկե, և «չթանկացան» իշխանականները: Բայց այսօր թանկացումներն աննախադեպ են՝ անբարոյականության աստիճանի, իսկ այնժամանակվա կեղծ թանկ ընդդիմությունն այսօր էժանացել է, էժանացել է այնքան, որ կարելի է պարզապես նվիրել ցանկացած թշնամի երկրի, որ գնան ու քանդեն այդ երկրներն այնպես, ինչպես քանդեցին հայկական երկու պետությունները:
Մետրոն, ճոպանուղին, տրանսպորտը...
Ստախոսի իշխանության օրոք էր, որ մեզ նոր մետրո խոստացան, ճոպանուղի խոստացան, արժանապատիվ տրանսպորտ խոստացան: Մետրոն ու ճոպանուղին, ինչպես սպասվում էր, սովորական բլեֆ էր, իսկ տրանսպորտն ու կանգառների տեսարաններն այսքան ստորացուցիչ երբևէ չեն եղել:
«Դուխով»
Ստախոսն իշխանության եկավ կարգախոսով՝ «Դուխով»: Աշխարհի ոչ մի անկյունում ապրող ոչ մի հայ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք այսքան ընկճված, պարտված ու ճնշված, ասել է թե՝ առանց դուխ-ի չի եղել: Ստախոսը վերցրեց մեզնից մեր դուխով կենսակերպն ու մատուցեց հարևան-թշնամիներին, իսկ Հայաստանը վերածեց դժգույն ու դժբախտ հողակտորի: