Անհնարին բան է` ո՞նց կարող է Թուրքիան մեզ հետ բարեկամ լինի. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նկատում է` Կոմանդոսը Շուշիի կորուստը ծանր է տարել, քանի որ հենց Կոմանդոսն էր ղեկավարել Շուշիի ազատագրման օպերացիան։
«Կոմանդոսն ապրել է այն Հայաստանում, որտեղ մենք միշտ հաղթանակներ ենք տարել։ Դժբախտություն է նաև այն, որ հաղթանակած գեներալը տեսավ այս պարտությունը, վշտով գնաց այս աշխարհից»,- լրագրողներին ասաց Սասուն Միքայելյանը` Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի վերջին հրաժեշտի արարողությունից հետո:
Նա նշեց, որ Կոմանդոսն ամեն ինչ լուռ էր տանում, բայց հասկանալի է, թե ինչ ապրումներ է ունեցել, որ Շուշին Ադրբեջանինն է։
«Բոլորին անհնար էր թվում, որ կարող ենք վերցնել Շուշին, Կոմանդոսը կարողացավ իր գաղափարով ու ռազմական գիտելիքներով հասնել նրան, որ հանգիստ ձևով ազատագրեցինք Շուշին»,- ասաց Ս. Միքայելյանը։
Անդրադառնալով վերջերս իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հաճախ կրկնվող հայտարարություններին, թե Թուրքիայի հետ բարեկամանալու վերաբերյալ հայտարարությունների մասին, Սասուն Միքայելյանն ասաց. «Թուրքը մեր դարավոր թշնամին է, կարող է ինչ-որ տնտեսական կապեր ունենալ, բայց ինչպե՞ս կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի։ Դա անհնարին բան է, պատմականորեն է ապացուցվել՝ ո՞նց կարող է Թուրքիան մեզ հետ բարեկամ լինի։ Մենք պետք է միշտ զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել»։