Ադրբեջանը պետք է փորձի ոչնչացնել հայկական պատմամշակութային հուշարձանները և ներկայացնի դրանք թուրքական. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Մայր Աթոռը փորձում է միջազային տարբեր կազմակերպությունների ներգրավելու միջոցով որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալ պատմամշակութային հուշարձանների պահպանության համար, բայց որքան է արդյունավետ, դժվար է գնահատել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, պատմամշակութային հուշարձանները՝ հաշվի առնելով Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում դրված ընդհանուր մոտեցումները»,- ասաց Տեր Արշակը։
Ամեն դեպքում Ադրբեջանի կողմից նման ագրեսիվ մոտեցումը անսպասելի չէր։ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նկատում է, որ Ադրբեջանի կողմից եկեղեցիների պղծումը նոր չէ:
«Նոր չէ, որ պետք է ծանոթանանք Ադրբեջանի պետական քաղաքականությանը։ Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը դրա ցայտուն օրինակներից է»,-ասաց Տեր Արշակը:
Նա նշեց, որ թուրքերը պետք է փորձեն ոչնչացնել պատմամշակութային այն շերտը, որ ենթադրում է հայկակականություն, և ներկայացնեն դրանք թուրքական կամ իսլամական:
«Որոշակի ազգային հոգեբանական կոմպլեքսի հետևանք է, երբ փորձում են ամեն կերպ հայկական պատմական տարածքները սեփական հռչակել»,--ասաց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: