Փաշինյանն «Ինտերֆաքս»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին, որում անդրադարձ է եղել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին:
Համապատասխան հարցուպատասխանը՝ ստորև
-Ի՞նչ աստիճանի է այժմ տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման գործընթացը կախված քաղաքական գործոնից, մասնավորապես` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից:
-Ուզում եմ հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից 1993 թվականին: Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու օգտին, սակայն դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից: Անկարայի այս թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ուղիղ աջակցություն ցուցաբերեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղարկելով օտարերկրացի զինված գրոհային ահաբեկիչների: Այս համատեքստում, երկարատև խաղաղություն հաստատելու և տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: