Պատմությունը կրկնվում է. Նաիրիտցիներին արդեն 5 ամիս աշխատավարձ չեն տվել. նրանք կառավարության մոտ են
Այսօր` ապրիլի 8-ին, 7 օր առաջ վարչապետին ուղղված իրենց նամակի հետքերով ՀՀ կառավարություն էին եկել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները։ Արդեն 5 ամիս է նրանք աշխատավարձ չեն ստացել։
Ակցիայի մասնակիցները չցանկացան նկարահանվել, բայց Newspress.am-ի հետ զրույցում նաիրտցիները նկատեցին, որ լուծարումից հետո աշխատավարձերի հիմնական պարտքը մարվել է։ Դրանից հետո աշխատանքերը շարունակել են մոտ 250 ինժեներական կազմի աշխատողներ, ովքեր որոշ ժամանակ նորմալ աշխատավարձ ստանալուց հետո, նոյեմբեր ամսից այլևս չեն վարձատրվել։
Կառավարության մոտ էին մոտ 3 տասնյակ աշխատող։
«Մեզ ասել են, որ նամակ գրենք։ 7 օր առաջ գրել ենք։ Հիմա եկել ենք հասկանանք` ինչ ընթացք են տվել մեր նամակին` ստորագրել են, չեն ստորագրել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը և հավելեց. «Ես չեմ հասկանում, եթե վարչապետը բացակայում ա, ուրեմն մեր հարցը չի լուծվելո՞ւ։ Նա պետք ա հանձնարարի մասնագետի, որտեղ էլ արդեն գործին ընթացք կտան»։
Հավաքվածները նկատեցին, որ իրենք գտնվում են Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության ներքո, որն էլ պետք է լուծի հարցը։
Այժմ նաիրիտցնիները սպասում են` հույսով, որ որևէ մեկը կառավարությունից իրենց հարցերին կտա սպառիչ պատասխան։
«Սպասում ենք կառավարության նիստը ավարտվի»,-ասացին կառավարության շենքի դիմաց հավաքված մարդիկ։