Սա էժանագին քայլ է. Գորգիսյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Դա ուղղակի գայթակղիչ խոստում է՝ նախընտրական շրջանին ընդառաջ, սակայն այն իրականացնել չի ստացվելու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը, թե պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը հնարավոր է կրճատվի և 5 տարի մեկ դառնա 2-3 ամիս։
«Մենք գիտենք, որ Փաշինյանը երբեք չի խորշել խոստումներ տալուց ու հետո դրանք չիրականացնելուց։ Սա էժանագին քայլ է։ Գիտակցելով, որ ժողովուրդն այսօր մտահոգված է զինվորների վիճակով՝ նա փորձում է ինչ-որ դիվիդենտներ քաղել խոստումներով, որոնք չի կարող կատարել»,- կարծիք հայտնեց նա։
Դիտարկմանը, որ իր վերջին հարցազրույցներից մեկում Գորգիսյանն ասել է, թե 2018-ի ընտրություններից հետո իրենք Նիկոլ Փաշինյանին չեն ընտրել՝ որպես վարչապետ, պատգամավորն արձագանքեց. «Վերջերս շատ են ասում, որ ԼՀԿ-ն է 2018-ին Նիկոլ Փաշինյանին ընտրել՝ որպես վարչապետ, և հիմա էլ քննադատում են, բայց դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ ընտրություններից հետո 50+ տոկոս ձայն հավաքած ուժի առաջին համարն ավտոմատ դառնում է վարչապետ, ուստի ԼՀԿ-ն չի ընտրել Փաշինյանին»։