Փաշինյանին հորդորում եմ չստել և ոչինչ չթաքցնել ժողովրդից, վիճահարույց փաստաթղթերի տակ չստորագրել․ Էդմոն Մարուքյան
Իշխանությունը վերստին ստվերային բանակցությունների մեջ է և նորից ժողովրդին չի տեղեկացնում իրեն սպասող ճակատագրի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Իշխանությունը պատերազմի ժամանակ 44 օր ստում և մանիպուլացնում էր ժողովրդին՝ հավաստիացնելով, թե հաղթում ենք, բայց վերջում պարզվեց, որ ոչ միայն չենք հաղթում, այլև ջախջախվում և պարտվում ենք։Իշխանությունը ժողովրդին հավաստիացնում էր, թե առանց քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ որոշում չի կարող կայացվել, բայց վերջում պարզ դարձավ, որ երկրի վարչապետը, քողարկված կերպով, բոլորից և նույնիսկ իր թիմակիցներից ծածուկ փաստաթուղթ է ստորագրել։
Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Ոչ ոք չգիտի։ Պատերազմից դասեր չքաղած իշխանությունը վերստին ստվերային բանակցությունների մեջ է և նորից ժողովրդին չի տեղեկացնում իրեն սպասող ճակատագրի մասին։ Մարդիկ անորոշության և չիմացության մեջ են. Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակիչները չգիտեն, թե ինչ կարող է վաղը իրենց հետ պատահել։
Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին և կառավարող թիմի ներկայացուցիչներին հորդորում եմ խոսել ժողովրդի հետ և մանրամասն բացատրել իրերի իրական դասավորությունն ու ընթացքը։ Չստել և ոչինչ չթաքցնել, ստվերային պայմանավորվածությունների չգնալ և ժողովրդի մեջքի հետևում վիճահարույց փաստաթղթերի տակ չստորագրել։
Խնդրի խորությունը կրկնապատկվում է հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակ ունի, իսկ պաշտոնակատարը չի կարող իրեն գործունեության անսահման և անվերահսկելի ազատություններ տալ, հատկապես պետության համար ճակատագրական հարցերում»։