Արմեն Գևորգյանը հրավիրվում է այսօր՝ ժամը 19։00-ին որպես մեղադրյալ հարցաքննվելու համար. պաշտպաններ
Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․Սարգսյանից ստացել ենք ծանուցագիր, համաձայն որի պարոն Արմեն Գևորգյանը հարվիրվում է այսօր ժամը 19։00-ին որպես մեղադրյալ հարցաքննվելու համար։ Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Արմեն Գևորգյանի պաշտպանները։
«Պարոն Գևորգյանը անշուշտ ներկայանալու է հարցաքննության և առհասարակ քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու է իր վերաբերյալ կատարվող յուրաքանչյուր դատավարական և քննչական գործողությանը, սակայն Արմեն Գևորգյանը շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է և ունի քաղաքական երանգներ և նա չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի հետ և դրանք նաև չի ստորագրելու, քանզի վերջինս չունի ՀՔԾ նկատմամբ վստահություն եւ չի ցանկանում այդ կառույցի հետ որևէ առընչություն ունենալ։
Արմեն Գևորգյանի փաստաբաններ
Էրիկ Ալեքսանյան
Լուսինե Սահակյան»,- նշվում է հայտարարության մեջ։