Մեր երկիրը միշտ պատրաստ է օգնել եղբայրական հայ ժողովրդին․ Սերգեյ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին։ Լավրովը մասնավորապես նշել է․
«Ռուս-հայկական հարաբերությունները փորձությունների միջով են անցել ժամանակի ընթացքում։ Կասկած չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով: Մեր երկիրը միշտ պատրաստ է օգնել եղբայրական հայ ժողովրդին:
Դա են վկայում Ռուսաստանի, անձամբ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատումը կանգնեցնել, որով սկսվեց տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց։ Այսօր կարող ենք ասել, որ ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ի հայտարարություններում:
Խոսքը մասնավորապես վերաբերում է հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Ռուսական օգնությունը բարձր են գնահատում մեր հայ գործընկերները»։
Լավրովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանին օգնել է նաև կորոնավիրուսի հաղթահարման գործում և Հայաստանին օգնելու համար փոխանցել է Sputnik V պատվաստանյութի մի քանի հազար խմբաքանակ։