Շարունակում եմ պնդել, որ Սյունիքում տեղակայված է 1000-ից ավել ադրբեջանական զինուժ. Վահե Հակոբյան
Ադրբեջանցիների՝ Սյունիքում մնալը կարծես թե դառնում է սովորություն, որովհետև 2 օր առաջ ևս ընդլայնվել են՝ և՛ երկայնքով, և՛ դեպի Գորայք մի փոքր առաջընթաց են ունեցել: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:
«Իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված ու որ այսպես գնա, կարծում եմ՝ սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մեր տարածքում՝ մի քանի կիլոմետրի վրա, տեղաբաշխված են Ադրբեջանի զինված ուժերը: Ես ուզում եմ փաստել, որ իշխանությունները՝ թե՛ ՊՆ-ի, թե իշխանության ներկայացուցիչները, կորցնում են վերահսկողությունը, և բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել: Իմ ստացած տեղեկությունով իրենք չգիտեն՝ ինչ անեն, որովհետև պահը, երբ կարելի էր ուժով լուծել, հարցը լուծել, բաց է թողնված: Շարունակում եմ պնդել, որ այնտեղ տեղակայված են 1000-ից ավել ադրբեջանական զինուժ: Եթե ՊՆ-ն կհերքի, ես այլ փաստարկներ կբերեմ, չնայած ճիշտ հերքեց որ հազար չեն՝ ավելի են»,- ասաց Հակոբյանը: