Փաշինյան՝ հավասար է նոր պատերազմ, նոր պարտություններ, նոր զոհեր, նոր գերիներ. Արթուր Վանեցյան
«Հայաստանում ստեղծված իրավիճակն աննախադեպ է ու անթույլատրելի»:
Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով անցած գիշեր ադրբեջանական զինվորների կողմից Հայաստանի տարածքում հայ զինծառայողների գերեվարմանը։
Նա 6 զինծառայողի գերեվարումը կապում է Նիկոլ Փաշինյանի Ազգային Ժողովում արած հայտարարությունների հետ։ Ըստ Վանեցյանի, Փաշինյանն անուղղակիրոեն մեղադրեց ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին՝ Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի համար։ «Ադրբեջանը, նկատելով, որ այդ հարաբերություններում կա ճեղք, խնդիր, օգտվեց այդ առիթից, որպեսզի այդ ճեղքն ավելի խորացնի»,-ասաց Վանեցյանը։
Ըստ նրա, կապիտուլյանտ իշխանությունները ինչքան մնան երկրի ղեկին, Հայաստանն այնքան խնդիրներ է ունենալու։ Վանեցյանն իր բանաձևն է ներկայացնում.
«Փաշինյան=նոր պատերազմ, Փաշինյան=նոր պարտություններ, Փաշինյան=նոր զոհեր, Փաշինյան=նոր գերիներ։ Ցավոք սրտի, այս բանաձևը գործում է մինչ օրս։ Նիկոլը, ցավոք սրտի, կանգ չառավ ու շարունակեց իր պետականքանդ գործունեությունը»,-ասաց Վանեցյանը՝ վստահեցնելով, որ արտաքին թշնամուն կկանգնեցնեն՝ սահմաններից այն կողմ: