Ես իմ ձեռքերը կկտրեմ՝ ձեր իրավունքին չեմ կպնի․ Փաշինյանը 60 % քվե է ակնկալում
Մենք մեղավոր ենք, շատ ենք մեղավոր։ Այս մասին Աբովյան քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Գիտեմ՝ ինչ եք մտածում՝ ինչու են ազատության մեջ, ինչո՞ւ դատված չեն։ Իրենք ազատության մեջ են, որովհետև Հայաստանում դեռևս անկախ կայացած դատարան չկա, իսկ ես չեմ ուզում՝ իմ անձնական դատավճիռներով մարդիկ նստեն»,-ասաց Փաշինյանը ։
Նա հերթական անգամ խոստացավ, որ երկիրը ոտքի կհանի։
«Եթե ուզում եք՝ այս խառնակիչների փողոց դուրս գալու հնարավորություն չտանք, ես ՀՀ քաղաքացիների 60 տոկոսի քվեն եմ ակնկալում հունիսի 20-ի ընտրություններում»,-ասաց նա։
Փաշինյանը, ինչպես 2018-ին, այս անգամ էլ հիշեցրեց, որ եթե տեսնեն, որ ինքը խաբել է՝ կարող են նորից արտահերթ անել և հեռացնել իրեն և խոստացավ չկեղծել ընտրությունները։
«Ցանկացած ընտրությունով կարող եք գնալ, ձեզ համար նոր իշխանություն ընտրել, երբ ուզեք․ ես իմ ձեռքերը կկտրեմ, ձեր սրբազան քվեին, ձեր իրավունքին չեմ կպնի։ Այս պատասխանատվությունից հետո ես իրավունք չունեմ ոչ մի հարցում սխալվելու»,-ասաց նա։