«Էս Հայկն է, մեր կողքի շենքում կապրեր». Մարալիկում ԲՀԿ ղեկավարին դիմավորեցին զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ (տեսանյութ և լուսանկարներ)
Շիրակի մարզի Մարալիկ համայնքում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին կառուցվել է հուշակոթող։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Գյումրի գնալու ճանապարհին, չշրջանցեց համայնքը։ Տեղի բնակիչները աղ ու հացով դիմավորեցին Գագիկ Ծառուկյանին։ Վերջինս եղավ հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ և իր խոնարհումը բերեց տղաների հիշատակին։ ԲՀԿ առաջնորդը նաև ծաղկեպսակ դրեց խաչքարի մոտ։
Հիշատակի կոթողի մոտ էին եկել նաև համայնքի երեխաները, որոնք ընկած տղաների նկարներով շապիկներ էին կրում։
Նրանցից մեկը Newspress.am-ի հետ զրույցում ասաց. «Իմ մայկայի վրա Հայկն է, մեր կողքի շենքում կապրեր»։
Գագիկ Ծառուկյանին մոտեցան նաև մարալիկցիներ, որոնք խնդրեցին ուշադրության կենտրոնում պահել իրենց համայնքի մարզասրահի հարցը։ Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ, որպեսզի ընտրակաշառք չհամարվի՝ ոչինչ չի խոստանա, բայց անպայման կհիշի մարզադպրոցի մասին։
«Կհիշե՞ք, չէ»,֊հարցրեց նրան դիմած կինը։
«Իմացե՛ք, Ծառուկյանի խոսքը` գործ է»,-արձագանքեց ԲՀԿ առաջնորդը։
Տեսանյութն ու լուսանկարները՝ ստորև․