Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, դատապարտվեց 5.5 տարի ազատազրկման․ Փաստինֆո
Երեւանի ընդհանուր իրավփասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդուն՝ դատապարտելով 5,5 տարվա ազատազրկման։ Այս մասին գրում է Փաստինֆոն։
«Քանի որ Նարեկ Սարգսյանը որոշակի ժամանակով գտնվել է անազատության մեջ, ուստի նա 3 տարի 6 ամիս ժամկետով կկրի իր պատիժը»,–ասաց դատավոր Վահե Միսակյանը։
Դատավորը քիչ առաջ հրապարակեց Նարեկ Սարգսյանի դատավճիռը։ Վերջինս ձեռքը թափահարեց և հեռացավ դահլիճից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առաձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու հատկանիշներով։
Փետրվար ամսին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Սարգսյանին վերագրվող առևանգման դրվագով որպես տուժող անցնող Արամ կարապետյանն առարկել էր արագացված կարգով դատաքննությանը՝ նշելով, թե պատճառների մասին կխոսի իր ներկայացուցիչը, սակայն, պատշաճ կարգով ծանուցված լինելու պայմաններում, հետագայում նշանակված դատական նիստերին չի ներկայացել։ Դատարանն արձանագրել է, որ տուժողը երեք ամիս ժամանակ է ունեցել դիրքորոշումը ներկայացնելու համար, ինչը չի իրականացվել, ուստի՝ առարկությունը՝ դատական քննության արագացված կարգի դեմ հիմնավորված չէ։ Դատարանը որոշել է արագացված կարգով քննել քրեական գործը, ինչի պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի իրականացվում, սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները։ Քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը: Միևնույն ժամանակ՝ արագացված կարգով դատաքննության դեպքում ամբաստանյալն իրավունք չունի բողոքարկելու գործի փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանի հետևությունները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։