Լավրովի խոսքը հաստատում է, որ Ռուսաստանը և Թուրքիան մրցակցում են Հարավային Կովկասում. իրանագետ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ս․ Լավրովի և Մ․ Չավուշօղլուի վերջին հանդիպման բոլոր մանրամասները հատկապես հռետորաբանության մակարդակում պետք է վերլուծել խոշորացույցով բանակցությունների փաստացի նյութի մասին տեղեկատվության բացակայության պայմաններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:
«Քանի որ նման գործիչների պարագայում դիվանագիտական լեզվում ոչ մի անկարևոր բառ չկա, ապա ուշագրավ է, որ Ռուասաստանի թիվ մեկ դիվանագետը Հայաստան-Ադրբեջան և Արցախյան հիմնախնդիրների առնչությամբ ռուս-թուրքական հարաբերությունների համար մի քանի անգամ գործածեց հետաքրքիր նրբիմաստներ պարունակող «փոխգործողություն» (ռուս․՝ «взаимодействие»), այլ ոչ թե, օրինակ՝ հենց «համագործակցություն» (ռուս․՝ «сотрудничество») բնորոշումը։
Այսինքն, նման հռետորաբանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանը և Թուրքիան, չնայած հարաբերությունների արտաքուստ դրական թվացող ֆոնին, ոչ թե համագործակցում, այլ իրականում մրցակցում են Հարավային Կովկասում, ինչը ռուսական կողմից դիվանագիտորեն բնորոշվում է «փոխգործողություն» եզրույթով»,-գրել է Ոսկանյանը: