Եթե որևէ մեկին պետք է արտոնություններ տալ՝ տալիս ենք. Քերոբյանը՝ Ս.Ալեքսանյանի և Դ.Սեդրակյանի ընկերություններին արտոնություն տալու մասին
«Աշխատում ենք օրենքի սահմաններում, և եթե որևէ ընկերության պետք է արտոնություններ տալ, տալիս ենք»:
Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ հանրության համար չզեկուցվող 2 նախագծի մասին, որով Կառավարությունը որոշում կայացրեց գործարարներ Սամվել Ալեքսանյանին և Դավիթ Սեդրակյանին պատկանող ընկերություններին արտոնություններ տալ, Ալեքսանյանի ընկերությանը՝ 106 մլն դրամի, Սեդրակյանի ընկերությանը՝17մլն դրամի չափով:
Քերոբյանը վստահեցնում է, որ իրենց գործողությունների տրամաբանությունը ոչ թե մեկին ճնշելն է կամ օգնելը, այլ գործելը օրենքի սահմաններում:
«Փորձել ենք սահմանափակել այդ արտոնությունների տրամադրումը միայն սարքավորումների մասով և միայն այնպիսի հումքի մասով, որը մեծամասամբ արտահանվելու է, ներքին շուկայում սպառման տեսանկյունից աշխատում ենք այնպես անել, որ չտուժի մրցակցությունը և լինեն նույն պայմանները, հումքի արտահանման մասով ենք օգնում, իսկ այդ տեսանկյունից 2 ընկերությունները լիովին բավարարում են նորացված չափանիշներին»,-ասել է Քերոբյանը:
Նա նշել է, որ շատ արտոնություններ են տալիս տարբեր ընկերություններին, բայց կոնկրետ այս արտոնությունը տրվում է հումքի համար, որը արտահանվելու է: Բացի այդ, այդ կերպ պաշտպանում են տեղական արտադրողներին:
«Տեղական արտադրողներին տալիս ենք հնարավորություններ, որպեսզի իրենք գրավեն արտաքին շուկաները»,- ասել է Վահան Քերոբյանը: