Ադրբեջանը կոպտորեն խախտել է նաև բնակիչների սեփականության իրավունքը․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հավաքված փաստերը և վերլուծությունները ապացուցում են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինվորականների ներկայությունը Սյունիքի և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում Եվրոպական կոնվենցիայի համաձայն սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքի իրավունքի խախտում է։
Արման Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է նաև բնակիչների սեփականության իրավունքը։
«Խոսքը վերաբերում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ամբողջ սահմանային հատվածին։ Խոսքը թե՛ արոտավայրերից օգտվելու, թե՛ սեփականության իրավունքով հողեր օգտագործելու, վարելահողերից օգտվելու, տները օգտագործելու մասին է»,- նշեց Թաթոյանը և հավելեց, որ Ադրբեջանը նաև խախտում է ազատ տեղաշարժի իրավունքը։
ՄԻՊ-ը նաև ընդգծեց, որ դա նույնպես կարևոր է, որովհետև ադրբեջանական զինվորականների ներկայությունը Հայաստանի ճանապարհներին, Սյունիքի համայնքները իրար միջև կապող ճանապարհներին սահմանափակում է բնակիչների ազատ տեղաշարժը։