Միջանցք՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով. Hraparak.am
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ապրիլ ամսից ի վեր հանդիպում չի ունեցել։ Հանդիպումների շարքն ընդհատվել է՝ կապված սահմանային լարվածության հետ։ Անորոշ է, թե հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա։ Ձևաչափը, հիշեցնենք, եռակողմ է, երրորդ կողմը Ռուսաստանն է։ Այս մասին Hraparak.am-ին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է մեր կողմից ձեւավորված աշխատանքային խումբը։
- Իսկ ապրիլ ամսվա դրությամբ ի՞նչ ունեիք, ո՞ւր էիք հասել։
- Ապրիլ ամսվա դրությամբ դեռեւս փորձագիտական մակարդակով քննարկում էինք նախ իրավական կարգավորումները՝ ԱՊՀ նորմատիվ ակտերի շրջանակներում և միջազգային կոնվենցիաների եւ պայմանագրերի, որոնց Հայաստանը մասնակից է, նաև ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններն էին քննարկվում։ Այդքանն էր։
- Ե՞րբ է լինելու հաջորդ հանդիպումը։
- Կառավարության ձևավորումից հետո պարզ կլինեն հանդիպումները եւ ամսաթվերը։
- Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո տեսանք, որ հատկապես ադրբեջանցիները շատ էին ուրախացել այդ առիթով, ի՞նչ եք կարծում՝ այն, որ Փաշինյանը նորից մնաց իշխանության, ադրբեջանցիների մոտ նոր ակնկալիքնե՞ր է առաջացրել՝ ախորժակի մեծացման տեսանկյունից, որ մեզնից ավելին պոկեն, ավելին ստանան եւ դա՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության վերընտրվելու շնորհիվ։ Ավելին, քան կարելի էր ստանալ մինչեւ ընտրությունները։
- Դե, իհարկե, չի կարելի նման ընկալում ունենալ, և, իհարկե, Ձեր հարցի մեջ պարունակվում էր մի բան, որն ինձ համար անհասկանալի է․ Դուք ասում եք՝ տեսնում ենք, որ շատ են ուրախացել, ո՞վ է ուրախացել, եւ ի՞նչ եք տեսնում։
- Ադրբեջանական մամուլում եւ սոցցանցերում ադրբեջանցիների հրճվանքին չափ ու սահման չկար, իսկ Շուշիում հրավառություն էին անում, երբ Փաշինյանը հաղթել էր ընտրություններում, ադրբեջանցիներն այդ առիթով նույնիսկ շնորհավորում էին միմյանց։
- Ես չեմ կարող ընդհանրապես նման ընկալում եւ նման բան մեկնաբանել։
- Լավ, այլ կերպ ձեւակերպեմ՝ այս ընտրությունները ադրբեջանցիների հետ հարաբերություններում եւ նրանց ակնկալիքներում որեւէ բան փոխե՞լ են։ Ի վերջո, եթե իշխանությունը փոխվել է, հնարավոր է՝ ամեն ինչ այլ հունով ընթանար։
- Ներողություն եմ խնդրում, բայց հարցի հասցեատերը հաստատ ես չեմ։ Դուք խոսում եք ուրախության մասին, ուրախացող հանրությանն էլ երեւի պետք է հարցն ուղղել, ես չեմ կարող պատասխանել։
- Բայց, ցավոք կամ բարեբախտաբար, կապ չունեմ այդ ուրախացող հանրության հետ, դրա համար Ձեզ եմ հարցնում։ Ես ուզում եմ հասկանալ՝ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս ամենի զարգացումը, քանզի Ալիեւն ընտրություններից առաջ ու հետո էլ խոսում էր Սյունիքով միջանցքի տրամադրման մասին եւ ոչ միայն։
- Ես, օգտվելով առիթից, ուզում եմ եւս մեկ անգամ վստահեցնել եւ արձանագրել, որ միջանցքային տրամաբանության հարց ես երբեւէ չեմ քննարկել, չեմ քննարկում եւ չեմ էլ քննարկելու, դա ուղղակի բացառված է, եւ էդ կոնտեքստում որեւէ բան մեկնաբանելու կարիք եւ անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ չի լինելու նման բան։ Դա հնարավոր չէ ուղղակի, դա բացառված է։ Եվ, անկախ նրանից, թե ով է ուրախանում, ով է տխրում, միեւնույն է՝ չի լինելու։
- Կներեք, ի՞նչ ասել է՝ միջանցքային տրամաբանություն, ի՞նչ է դա իրենից ներկայացնում։
- Միջանցքային տրամաբանությունը ենթադրում է, որ որեւիցե մի հարց, որը կվերաբերի ապաշրջափակման պայմանավորվածություններին կամ հնարավորություններին եւ որը կենթադրի որեւիցե մի սուվերեն հավելյալ իրավունք կամ ծանրաբեռնվածություն, ես բացառում եմ։ Մենք խոսում ենք մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։