Ուզում եմ Ձեզ «դուխ» տալ. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին
«Պարոն Մարության, հիմա լինելու է նոնսենս, որովհետև ես ևս պատրաստվում եմ Ձեզ խրախուսել»: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով ապօրինի շինությունների քանդման գործընթացին։
Նա նկատեց, որ երբ սկսվեց ապօրինի շինարարությունների քանդման գործընթացը՝ առաջին օրերին լուռ հետևել է՝ հասկանալու համար, թե ինչ սկզբունքով են քանդվու շինություններն ու ինչ ընթացք և հետևանք կունենան դրանք։ Թեհմինա Վարդանյանն անգամ անձամբ է ներկա գտնվել քանդման գործընթացին։
Այսօր արդեն նա իր համար արձանագրել է՝ քանդման աշխատանքները նպատակային են։
«Կարծում եմ՝ այո՛, համայնքային հողի, կանաչապատ տարածքների վրա, գազոններին նմանօրինակ տարածքներում շինություններ կառուցելը պիտի այդ բախտին արժանանար: Ես ևս պատրաստ եմ սատարել ձեզ: Կողմ եմ այս նախագծին և ուզում եմ Ձեզ դուխ տալ»,-դիմելով քաղաքապետին՝ ասաց Վարդանյանը։