Զաքիր Հասանովն այսօր հավաքել է բանակի ղեկավար կազմին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հավաքել է բանակի ղեկավար կազմին: Sputnik Азербайджан-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերլուծել է Հայաստանի զինված ուժերի կողմից «սադրանքների» արդյունքում սահմանին ստեղծված իրավիճակը։ Եվ համապատասխան հանձնարարականներ է տվել Ղարաբաղում տեղակայված զորամասերի հրամանատարներին», - նշվում է հաղորդագրությունում:
Նա հավաքվածներին հիշեցրել է Իլհամ Ալիևի խոսքերը, թե «պատերազմն ավարտված է, բայց մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք դրան»:
Ի դեպ, սահմանային լարվածության համար Հասանովը մեղադրել է հայկական կողմին ու շեշտել, որ պետք է ճնշում գործադրել հայկական կողմից հնարավոր «սադրանքների» նկատմամբ:
Հարկ է հիշեցնել, որ վերջին օրերին Ադրբեջանը հաճախակի է սկսել խախտել հրադադարի ռեժիմը: Մասնավորապես՝ Երասխի (Նախիջևան-Հայաստան) հատվածում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: