ԱԺ-ում «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը
Ազգային Ժողովում «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հայտնի դարձավ, որ խմբակցության քարտուղարի պաշտոնում առաջադրելու են ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանի թեկնածությունը։
Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում ներկայացված կլինի յոթ հոգանոց կազմով։ Դաշինքում Հանրապետական կուսակցությունն ունի չորս ներկայացուցիչ, «Հայրենիքի» քվոտայով ԱԺ են անցել երեք ներկայացուցիչ՝ Արթուր Վանեցյանը, Իշխան Զաքարյանն ու Թագուհի Թովմասյանը։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, ապա ԱԺ-ում դաշինքի խմբակցության ղեկավարը լինելու է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քարտուղարը՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ղեկավարը ճամբարափոխ Հայկ Կոնջորյանն է լինելու, քարուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։