ԵՀՄՖ հայտարարությունը ԱԺ-ում կատարվող իրադարձությունների առնչությամբ
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը՝ ի դեմս ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի, խստորեն դատապարտելով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստերին հրահրվող բռնություններն ու սովորական դարձած ծեծկռտուքները՝ պահանջում է Ազգային ժողովի նախագահի հրաժարականը, որն ակնհայտորեն ընդունակ չի ապահովելու ՀՀ օրենսդիր իշխանության միակ և բարձրագույն մարմնի բնականոն գործունեությունը։
Միաժամանակ խիստ դատապարտում ենք Ազգային ժողովի նիստերի դահլիճում ՊՊԾ գնդի կիրառումը, որը կարող է առաջնորդել մեզ դեպի ավելի մեծ արհավիրքների։ Նման դրսևորումներ պատմության մեջ հայտնի են աֆրիկյան որոշ խորհրդարաններում, որոնց հաջորդեցին քաղաքացիական պատերազմները։ Վիճակն առավել մտահոգիչ է դառնում, երբ այդ ամենը կատարվում է ՀՀ վարչապետի ներկայությամբ և ակտիվ խրախուսմամբ։ Այս ամոթալի վիճակի և ամենաթողության միակ պատասխանատուն ՀՀ ներկա իշխանություններն են, որոնք ի վիճակի չեն անգամ ապահովել
ներքաղաքական կայուն մթնոլորտ։
ԵՀՄՖ-ն ակնկալում է բացատրությունների և պաշտոնանկությունների շարք՝ կապված
վերոնշյալ խայտառակ երևույթների առնչությամբ, որոնք ծնվել և շարունակվում են իշխանությունների վարած բռնության ու ատելության քարոզի արդյունքում։