Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը աֆղաններին առաջարկել է երկիրը լքել ցամաքային ճանապարհով
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ աֆղանցիները, ովքեր չեն կարողացել լքել երկիրը ինքնաթիռով, կարող են դա փորձել երկրի ցամաքային սահմանով:
Շատ աֆղանցիներ, մասնավորապես նրանք, ովքեր համագործակցել են օտարերկրյա առաքելությունների հետ, ձգտում են լքել իրենց հայրենի երկիրը՝ վախենալով իշխանության եկած «Թալիբան» շարժման վրեժխնդրությունից: Նրանք տարհանվում են միայն Քաբուլի օդանավակայանի միջոցով, սակայն ոչ բոլորին է հաջողվում ինքնաթիռ նստել: Աֆղանստանից ցամաքային սահմանի բոլոր անցումները վերահսկվում են թալիբների կողմից:
«Հնարավորության դեպքում ես այլ ուղի կքննարկեի: Եթե նրանք կարծում են, որ կարող են մեկնել երրորդ երկիր, ապա դա ավելի ապահով և լավ կլիներ: Ես խորհուրդ կտայի, որ նրանք փորձեն հատել սահմանը»,-նշել է Ուոլեսը։