Մանե Թանդիլյանը հեռանում է Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից
Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը թողնում է պաշտոնը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի արցախցիներ, հարգելի հայրենակիցներ,
Ժամանակն անցնում է և Արցախի առջև ծառացած մարտահրավերները մտնում են նոր փուլ։ Եթե վերջին օրերին եղել եք Արցախում, ապա նկատած կլինեք, որ Արցախում կյանքը վերադարձել է բնականոն հուն՝ առօրեական իմաստով։ Եվ սա արցախցու՝ իր հողում ապրելու որոշման և հանձնառության ուժի շնորհիվ է՝ էլ ավելի ուժեղ դառնալով սահմռկեցուցիչ ցավից և այս հողի համար կյանք չխնայած հերոսների նկատմամբ պարտքի զգացումից։ Արցախի բնակչության շուրջ ութսուն տոկոսը վերադարձել է Արցախ՝ ապրելու։ Սա նշանակում է, որ Արցախը թոթափում է հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական բեռը և կանգնում զարգացման և ուժեղացման ճանապարհին, ինչը հնարավոր է դարձել աշխատանքի, հանձնառության և ոչ մի դեպքում չկոտրվելու կամքի շնորհիվ։
Այժմ եկել է երկարաժամկետ ծրագրերի և տնտեսական զարգացման խթանման ժամանակը։
Արձանագրելով, որ սոցիալական հարցերի ամբողջական և լիարժեք հաղթահարման բանալին յուրաքանչյուր երկրում զարգացած տնտեսության մեջ է, այսօր Արցախի ուժեղացմանը և մարդկանց այնտեղ ապրելուն կարող են նպաստել տնտեսության զարգացումը՝ բնակարանաշինության և քաղաքացիներին օր առաջ տներով ապահովելու աշխատանքներին զուգընթաց»,-գրել է Թանդիլյանը: