Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր լուծվի խաղաղ ճանապարհով. Իլհամ Ալիև
Հետպատերազմյան շրջանը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշիում Վագիֆի պոեզիայի օրերի բացման ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«Ինչպես գիտեք, բանակցային գործընթացը տևեց գրեթե 30 տարի, բայց ոչ մի արդյունք չտվեց: Իրադարձությունների ներկայիս ընթացքը, Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի շրջանը և միջազգային ուժերի գործողությունները ցույց են տալիս, որ այդ հարցը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով», -շեշտել է Ալիևը և հավելել,-«Մենք բոլորովին այլ կարծիք ունեինք, և ես դա երբեք չեմ թաքցրել: Ես ասացի, որ եթե հարցը խաղաղ լուծում չստանա, մենք ռազմական ճանապարհով կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»:
Ալիևը հիշեցրել է, որ միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները նման իրավունք են ընդունում Ադրբեջանի համար: