ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողներին օթյակներից հանելիս ֆիզիկական ուժ են կիրառել. ՄԻՊ խոսնակ
ՄԻՊ գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ազգային ժողովում լրագրողների սահմանափակումները որևէ կապ չունեն անվտանգության հետ։ Դրանց նպատակն է սահմանափակել լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Այս մասին ասաց ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը՝ «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ։
«Եղել են դեպքեր, երբ լրագրողներին ԱԺ օթյակից հեռացրել են այն ժամանակ, երբ զգացել են, որ ինչ-որ միջադեպ է հասունանում, կամ միջադեպը որոշակի ժամանակ լուսաբանելուց հետո, բայց որևէ իրավական հիմք չկար այստեղ լրագրողների իրավունքները սահմանափակելու համար»,-ասաց ՄԻՊ ներկայացուցիչը։
Նա նկատեց, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները երբեմն լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառում, իսկ երբ նկատում են, որ լրագրողը նկարահանում է միջադեպը, ավելի բիրտ ուժ են կիրառում: Եվ ընդհանրապես, Նունե Հովսեփյանի դիտարկմամբ, անվտանգության աշխատակիցները չեն կարող պահանջել լրագրողներից չնկարահանել, քանի որ դա անհնար է։
«Լրագրողները չպետք է զրկվեն էքսկլյուզիվ նյութեր անելու և պատգամավորներին ուղիղ հարցեր տալու հնարավորությունից, իսկ առկա կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս»,-նկատեց ՄԻՊ խոսնակը՝ հավելելով, որ իրականում լրագրողները պետություն-հասարակություն օղակն են պահում։
«Որքան ազատ են նրանք գործում, այնքան ավելի բարձր է երկրում ժողովրդավարության արժեքը»: