Մահացած զինվորի մորը նրա համարից հաղորդագրություններ են եկել․ Արցախի ՄԻՊ
Անմարդկային վերաբերմունք ադրբեջանցի զինծառայողները ցուցաբերել են ոչ միայն հայկական կողմի՝ գերեվարված ու զոհված զինծառայողների նկատմամբ, այլև անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ պատերազմի ժամանակ, երբ հայ զինծառայողների հեռախոսները հայտնվել են ադրբեջանական զինվորների ձեռքին, նրանք պարբերաբար օգտագործել են այդ զինծառայողների սոցիալական ցանցերի օգտահաշիվները։
«Կա դեպք, երբ անհետ կորած զինծառայողի օգտահաշիվն օգտագործել են և նրա մորը հաղորդագրություններ են ուղարկել, հավանում էին մոր լուսանկարները։ Այսինքն` փորձ էր կատարվում հարազատներին պահել ծանր իրավիճակում»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։
Պատերազմի ավարտից տասն ամիս անց ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է հայ զինծառայողի մահվան փաստը, ինչից հետո նրա մայրը ջնջել է այդ օգտահաշիվն ու այլևս չի հաղորդակցվել։
ՄԻՊ-ի խոսքով` գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումները եղել են անգամ այն ժամանակ, երբ նրանք ընդամենը 3-4 ժամ են գտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո։
«Խոսքը Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակչի մասին է, որին հուլիսի 26-ին գերեվարել էին Ադրբեջանի զինված ուժերը, նա չորս ժամ է գտնվել գերության մեջ, ռուս խաղաղապահների օգնությամբ կարողացել են վերադարձնել։
Նրա նկատմամբ կիրառվել էին խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք, մասնավորապես, աջ ոտքի վնասվածք էր ստացել և գտնվում էր հոգեբանական շատ ծանր վիճակում։ Այդ մարդն ուներ հոգեկան խնդիրներ, այս պարագայում հաշվի չեն առել անգամ այդ խնդիրները»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։