Դա իմ ու իր անձնական խնդիրն է․ ես չեմ պատրաստվում իմ խոհանոցը բացել․ Գագիկ Ջհանգիրյանը՝ իր և Փաշինյանի հարաբերությունների մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ-ում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեցին, թե ինչ հարաբերությունների մեջ է նա Նիկոլ Փաշինյանի հետ՝ հիշեցնելով, որ Փաշինյանը Գագիկ Ջհանգիրյանին անվանել էր «նախկին իշխանությունների հաճախորդ»։
«Թե ես և գործադիր իշխանության այսօրվա ղեկավարն ինչ հարաբերությունների մեջ ենք, իմ ու իր անձնական խնդիրն է, ես չեմ պատրաստվում այդ խոհանոցը ձեր առջև բացել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։
Ագնեսա Խամոյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե ի վերջո ո՞վ էր ճիշտ՝ Գագիկ Ջհանգիրյա՞նը, որը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին Փաշինյանի ներկայացրած նախագիծն անգրագիտություն էր որակել, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որն ի պատասխան ասել էր, որ այդ գնահատականով Ջհանգիրյանը Գլխավոր դատախազի պաշտոնին է հավակնում։
«Ինչպե՞ս ստացվեց, որ դրանից մի քանի տարի անց համագործակցություն տեղի ունեցավ Ձեր և Նիկոլ Փաշինյանի միջև»,- հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
«Դուք մի շատ կարևոր բառ եք բաց թողնում։ «Անգրագիտություն» բառից առաջ ես արտաբերել եմ «իրավական» բառը, «իրավական անգրագիտություն»։ Դա շեշտեք, որովհետև փոխում է իմաստ։ Նիկոլ Փաշինյանը իրավաբան չէր։ Թե ով էր գրել, տվել այդ որոշումը, դա ուրիշ խնդիր է։ Իսկ թե ինչպես ստացվեց․ ինձ իմ պաշտոնում առաջադրել է նախորդ գումարման ԱԺ-ի մեծամասնությունը, ես նաև հանդիպել են այն ժամանակվա ընդդիմադիր երկու՝ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների ղեկավարների հետ, որոնք ինձ խոստացել էին, որ իրենք էլ են ինձ քվեարկելու այս դահլիճում։
Այնուհետև չգիտեմ՝ ում արգելքներից հետո երկուսն էլ գրանցվելուց հետո լքեցին դահլիճը, թե ինչն հաշվարկներից ելնելով՝ չգիտեմ, բայց մեծամասնության ձայները բավարար էին, և ես ընտրվել եմ», – ասաց Ջհանգիրյանը։