Չինաստանը 31 մլն դոլարի օգնություն կտրամադրի Աֆղանստանին
Չինաստանի իշխանությունները 200 միլիոն յուանի (մոտ 31 միլիոն դոլար) մարդասիրական օգնություն կտրամադրեն Աֆղանստանին, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի երեք միլիոն դոզան: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գրասենյակում միջազգային կազմակերպություններում Պեկինի մշտական ներկայացուցիչ Չեն Սյուն:
Քաղաքական գործիչը նշել է, որ օգնությունը կներառի սնունդ, բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության իրեր Աֆղանստանի քաղաքացիների համար: «Ինչ վերաբերում է Աֆղանստանի ժողովրդի կարիքներին, Չինաստանը կշարունակի աջակցել երկրի խաղաղ վերակառուցմանը և տնտեսական զարգացմանը` օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները»,-ընդգծել է նա:
Չեն Սյուն միջազգային հանրությանը կոչ է արել ընդլայնել օգնությունը Քաբուլին, խթանել աֆղանական կողմի համագործակցությունը այլ երկրների հետ և աջակցել հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարին:
«Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները հատուկ պարտավորություն ունեն հումանիտար և այլ տեսակի օգնություն ցուցաբերել»,-եզրափակել է նա: