«Ապրելու երկիր» կուսակցությունը Հայաստանի հինգ համայնքներում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Այդ մասին կուսակցության նախագահ, համահիմնադիր Մանե Թանդիլյանը հայտարարեց ասուլիսի ժամանակ։
Կուսակցության թեկնածուները կառաջադրվեն Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջանի խոշորացված համայնքում և Գյումրիում։ Ընդհանուր բոլոր համայնքների ավագանիների կազմում ընդգրկված են 107 թեկնածու։
«Մենք հապաղելու ժամանակ չունենք, և կորցրած ամեն օրը երկրի համար դառնում է ճակատագրական»,-ասաց Մանե Թանդիլյանը:
Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ վերջին ամիսների մարզային այցելությունները ցույց են տվել, որ գրեթե բոլոր համայնքներում բացակայում է ապրելու միջավայրը. առկա են անհատական-ընտանեկան կենցաղի կազմակերպումից մինչև ենթակառուցվածքային հարցեր՝ առողջապահական, կրթական, այլ ծառայություններից օգտվելու խնդիրներ:
«Այդ այցելությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ չնայած համայքները տարբեր են, բայց ունեն նմանատիպ խնդիրներ՝ լուծման համանման եղանակներով: Մենք կարևորում ենք ոչ միայն տարբեր համայնքներում թիմային մասնակցությունը, այլև համագործակցաբար այդ խնդիրների լուծումը»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:
Վերջինս նշեց նաև, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը կարևորում է այնպիսի մեխանիզմների մշակումը, որով համայնքներն ի զորու կլինեն բարձրացնել իրենց ֆինանսական ինքնուրույնությունն ու ներգրավել համայնքի զարգացմանն ուղղված ներդրումներ: Այդ համատեքստում կարևոր են համարում մասնավոր-համայնք գործակցությունը, որպեսզի ներդրումները բացի Երևանից ու հարակից համայնքներից հոսեն նաև հեռավոր շրջաններ:
Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու բնակիչների պաշտպանությունը, ապա կուսակցությունն այստեղ ևս լուծման տարբերակներ է առաջարկում: «Պատրաստ ենք լինելու այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք վստահություն կտան տվյալ բնակավայրի բնակիչներին համայնքի հնարավորության սահմաններում պաշտպանվածության աստիճան ունենալ: Մենք հասկանում ենք, որ անվտանգության ապահովման հարցը պետական կառավարման հարց է, բայց մինևնույն ժամանակ տեղում կազմակերպական բազմաթիվ հարցեր կան, որոնք համայնքը կարող է ստանձնել ու պետք է ստանձնի»,-նշեց Մանե Թանդիլյանը: