«Ես գլխավոր դատախազին ասացի, որ վաղը, վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել»․ բժիշկները հանդիպել են գլխավոր դատախազին՝ Արմեն Չարչյանի գործով (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է մի խումբ բժիշկների, ովքեր դատախազության դիմաց ակցիա էին կազմակերպել՝ ի աջակցություն «Հայաստան խմբակցության անդամ Արմեն Չարչյանի։
Հանդիպումից հետո բժիշկ, դասախոս Սամվել Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատախազին է ներկայացրել Արմեն Չարչյանի առողջական վիճակը՝ նրա մոտ առկա ծանր բարդություններով։
«Հիմնավորեցի, որ առողջական վիճակի խիստ վատթարացում ունենք։ Ինձ ճանապարհ ցույց տվեց, ասաց, պետք է ներկայացնել համապատասխան ախտորոշումների հիմնավորումներ և համապատասխան ախտաբանական վիճակների ու նրանց հետազոտությունների հիմնավորում»,- ասաց բժիշկը։
Արթուր Դավթյանը վստահեցրել է, թե իրենց նպատակը չէ Արմեն Չարչյանին պահել անազատության մեջ, ինքնանպատակ չէ իրենց համար, պարզապես իրավական գործընթացն է այդպես։
Դատախազը նաև հավաստիացրել է, որ նման հիմնավոր փաստաթղթերի առկայության դեպքում ամեն ինչում իրենց կօգնի, կմիջնորդի հրատապ նիստ հրավիրել։
«Ես գլխավոր դատախազին ասացին, որ վաղը, վաղը չէ մյուս օրը կարող է ուշ լինել, ամբողջ իմաստը սա է»,- ասաց բժիշկը։
Նրա խոսքով՝ մինչև օրս չէին հավաքվել, քանի որ Արմեն Չարչյանն էր խնդրել լարվածություն չստեղծել, սակայն հիմա չէին կարող հետևել այդ խնդրանքին, քանի որ հիմա շատ բան է փոխվել։