Ի՞նչ է նշանակում՝ «գունագեղ»․ ինքը մատաղ արեց սերնդին․ զոհվածների ծնողները կառավարության դիմաց են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության դիմաց պահանջում են հարգել իրենց զավակների հիշատակը։ Նրանք դեմ են Նիկոլ Փաշինյանի հայտարարած «գունագեղ» տոնակատարությանը, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 21-ին։
«Հիմա Եռաբլուրը մի Հայաստանի չափ է՝ չհաշված մարզերի պանթեոնները, չհաշված ընտանեկան շիրիմները։ Բոլորը պարտավոր են հարգել մեր երեխքին։ Մեզ պետք չէ նրա ներողությունը», - ասաց ծնողներից մեկը՝ հիշեցնելով երեկ՝ Ազգային ժողովում Փաշինյանի ներողությունը՝ «գունագեղ» արտահայտության համար։
«Ներողությունը պետք է խնդրեր այն ժամանակ, երբ որ երեխեքին տարավ թուրքերի բերան։ Այդ ժամանակ թող մտածեր, որ ներողություն պետք է խնդրի ու կանգնեցներ պատերազմը, ոչ թե այսքան երեխաներ զոհվեին ու մենք այս օրին հասնենինք։ Ինչո՞ւ պետք է այսքան սգավոր ծնողներ գան, հասնեն այստեղ ու կանգնեն, դա պատշաճ չէ», - ասաց նա։
Ծնողները վրդովված են, որ իրենց որդիների անունը շահարկելով՝ կառավարությունը «կերուխում» է անցկացնելու։
«Ես չեմ ուզում կերուխում անեն, որովհետև այդ կերուխումին մեր երեխաները ներկա չեն», - ասաց ընկած հերոսներից մեկի ծնողը։
Ծնողներից մեկն էլ նշեց, որ Փաշինյանը կարող էր այլ կերպ արտահայտվել, ինչը ընկալելի կլիներ բոլորի համար։
«Կարող էր ասել, որ չի ուզում Հայաստանը կործանված տեսնել, կարող էր ասել, որ թշնամին թող չուրախանա, որ այս վիճակում ենք, մենք ծնկի չենք գա, բայց ի՞նչ է նշանակում՝ «գունագեղ» ու «նվիրում է հերոսներին»։ Հերոսներին այդպես չեն նվիրում, ինքը մատաղ արեց սերունդին։ Կարելի է ոչ թե վերքի վրա աղ լցնել, այլ նուրբ խոսել։ Ինքը փշրեց մեր ընտանիքները», - ասաց զոհվածի ծնողը։