Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․․․ Անահիտ Սիմոնյանի հուզիչ նամակը՝ Հայկոյին
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի նախկին կինը, հուզիչ գրառում է արել նրա հիշատակին։
Նրա նամակը՝ ստորև.
«Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես... Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես և ականջիս կհուշես, թե ինչպես վարվեմ Արմանի հետ։ Որովհետև միայն դու էիր հասկանում նրա լեզուն... Դու մինչև վերջին պահը հաշտեցնում էիր մեզ, ասում, թե կարծես դու երկու երեխա ունես։ Երբ ես նրա հետ վիճում էի, միայն դու կարող էիր մեզ հաշտեցնել, զանգում էիր ինձ, ասում․
- Ան, սիրալիր եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան, հետո զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա, գրկիր, համբուրիր, դու ավելի փոքր ես, դու՝ որպես տղամարդ, պետք է անես առաջին քայլը։
Չնայած, որ ես ու դու երբեմն իրար լավ չէինք հասկանում, մենք միշտ միասին էինք, և դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգում քեզ, և մինչև քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում ավելի հարազատ մեկը չկա և չի կարող լինել ոչ մեկը, ով կկիսի մեր ուրախությունն ու ցավը։ Այդպես էլ ոչ ոք չի կարող հասկանալ ու զգալ այն ցավը, որ իմ սրտում մշտական սպի կդառնա։
Ես չեմ կարող տալ մեր երեխայինայն հույզերը, որոնք դու էիր նրան տալիս, որովհետև ձեր կապն ուրիշ էր... Դուք ինչպես մեկ ամբողջության սիրում էիք իրար ու կատակում իմ մասին, որ ես կրկին կսկսեմ խանդել։ Թող թեկուզ ես ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով ամբողջ կյանքում, բայց քո ներկայութամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․․․ բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»,- գրել է երգչուհին: