Թալիբներն Աֆղանստանում ռազմական ուսումնական կենտրոն են բացում
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը հայտարարել է երկրի հարավում գտնվող Զաբուլ նահանգում ռազմական ուսուցման կենտրոն բացելու մասին:
«Զաբուլ նահանգում բացվեց ռազմական ուսումնական կենտրոն: Աֆղանստանի իսլամական էմիրության 400 զինյալ մասնակցել է առաջին հավաքագրմանը», -ասվում է շարժման Twitter-ում տեղադրված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին թալիբները ուժեղացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15 -ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների պաշտպանության ներքո, տեղի ունեցավ նրանց հետ համագործակցող արևմտյան քաղաքացիների և աֆղանստանցիների զանգվածային տարհանում:
Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը ՝ վերջ դնելով Աֆղանստանում ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը: