Ես պատրաստ եմ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ Իլհամ Ալիև
«Ես պատրաստ եմ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը»: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Եթե հայկական կողմը պատրաստ է, ուրեմն ես պատրաստ եմ», - ասել է Ալիևը: Ադրբեջանի պետության ղեկավարը հիշեցրել է․ «Մենք ունեցել ենք մեկ հանդիպում, որն այս տարվա սկզբին եռակողմ ձևաչափով անցկացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի: Ես բաց եմ քննարկումների համար և կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցանիշ, որ պատերազմն ավարտված է, այս էջը շրջված է: Սա շատ կարևոր է», - ընդգծել է Իլհամ Ալիևը:
Նա հավելել է նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունները ցույց կտան դեպի խաղաղություն տանող առաջընթացը։