Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի համար լրտեսության մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է Հայաստանի օգտին լրտեսության գործով քաղաքացու ձերբակալության մասին: Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
«Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հիմնավոր կասկածներ առաջացան, որ 1970 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Զաքիև Այդին Զաքի օղլուն լրտեսություն է իրականացրել՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության և պաշտպանության, օգնել է հայկական հատուկ ծառայություններին մեր երկրի դեմ թշնամական գործողություններ իրականացնելիս»,- ասված է շաբաթ օրը հատուկ ծառայությունների հաղորդագրության մեջ:
Զաքիևը, ըստ հետաքննության, երրորդ երկրի տարածքում տեղակայված միջնորդների միջոցով ստացել է հանձնարարություններ հայկական հատուկ ծառայություններից և կատարել դրանք: Բացի այդ, նրան «հանձնարարվել է իր գործունեության մեջ ներգրավել այլ անձանց»:
«Նա, մասնավորապես, տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի հավաքագրման վերաբերյալ, օգնել է հայկական հատուկ ծառայություններին ապատեղեկատվության նպատակային տարածման մեջ, որն ուղղված է հանրապետությունում էթնիկ հողի վրա առճակատում հրահրելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: