«Որոտանում ճանապարհի աջ և ձախ կողմերում թշնամին շինարարություն է կատարում, ազատ ճանապարհը փակում է, ոնց որ իրենց տանը, իսկ մենք՝ հյուրեր…» Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ճանապարհին՝ Որոտանի հատվածում, ադրբեջանցիների սադրիչ գործողություններից խուսափելու համար արդեն մի քանի օր հայկական մեքենաները հավաքվում, շարասյուն են կազմում, ապա հայ և ռուս զինվորականների ուղեկցությամբ շարժվում են դեպի Գորիս կամ հակառակ ուղղությամբ՝ Կապան։
«Ավելորդ միջադեպերից խուսափելու համար ճանապարհի այդ հատվածում ուղևորները ստիպված են լինում մոտ 1-1.5 ժամ սպասել, նոր միայն շարասյունով ընթանալ․․․ Հանգստյան օրերին որևէ արտառոց բան չի եղել, իրավիճակը նույնն է։ Մարդիկ ավտոմեքենաներով գալիս են, մեր ԱԱԾ-ն կանգնեցնում է, հավաքվում են, կազմում են շարասյուն, ռուսական և հայկական զորքի ուղեկցությամբ Որոտանի տվյալ հատվածն անցնում են, որպեսզի միջադեպերից խուսափենք։ Հատկապես գիշերային ժամերին, մինչև շարասյուն չի կազմվում, չեն թույլատրում շարժվել։ ԱԱԾ-ն այդպիսի որոշում է կայացրել ու այդպես էլ անում է՝ ի շահ մեր քաղաքացիների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը, ապա հավելեց, որ այս կարգը միայն ՀՀ քաղաքացիների համար է, իրանցի վարորդներն առանց ավտոշարասյուն կազմելու են անցնում ճանապարհի այդ հատվածը։