Չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, թե սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով. Վաչե Տերտերյան
Ես եղել եմ ոչ միայն այն կառավարություններում, որոնք այս վարչատարածքային փոփոխությունների մասին են խոսել, այլ աշխատել եմ բոլոր այն կառավարությունների ժամանակաշրջանում, որոնք վարչատարածքային բաժանման և ընդհանրապես տեղական ինքնակառավարման հիմնադրման ժամանակից են: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցադրմանը։
Վերջինս հետաքրքրվեց, թե արդյոք ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, թե իբր Վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված է ՀՀ պետական սահմանները, այդ թվում Ադրբեջանի հետ։
«Դուք այս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ եք համարում, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»,-հարցրեց Արծվիկ Մինասյանը։
Վաչե Տերտերյանը նկատեց, որ այդ ոլորտում աշխատել է 1996 թվականից և չի լսել որևէ հիմնավորում, թե սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով:
«Ոչ ոք նման բան չի ասել, համենայնդեպս իմ հիշողության մեջ նման բան չկա և հին, նոր ժամանակներում»,- Վաչե Տերտերյանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը խոստացավ Վաչե Տերտերյանին ուղարկել բազմաթիվ ձայնագրություններ, նաև նիստերի արձանագրություններ կան, որտեղ հստակ հղում կա, որ «թուրքերը եկել են Շուռնուխ, որովհետև 2010 թվականին ընդունվել է մի օրենքի փոփոխություն, որն ասում է՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանն է, չնայած կոնկրետ որևէ կորդինատ չկա, թե Շուռնուխից ինչքան հեռու է անցնում Ադրբեջանը»: